Համաշխարհային բանկը վստահում է Հայաստանին. տնտեսագետ
Համաշխարհային բանկի կողմից` օրերս Հայաստանին հատկացված 80 մլն դոլար արտոնյալ վարկը Հայաստանի կառավարության սոցիալ-տնտեսական արդյունավետ քաղաքականության հետեւանք է: Այդ մասին այսօր` փետրվարի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց տնտեսագետ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Կառլեն Խաչատրյանը:
Վարկը ՀԲ-ի կողմից հատկացվել է «Զարգացման քաղաքականության գործառնություններ» ծրագրի շրջանակներում: Այն ուղղված է լինելու աղքատության նվազմանը, որոշակի սոցիալական խմբերին առողջապահական ու կրթական ծառայությունների հասանելիության բարձրացմանը, ինչպես նաեւ` գործարար միջավայրի բարելավմանը:
Սա ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երրորդ նմանատիպ վարկն է Հայաստանին: Առաջինը տրամադրվել էր 2009 թ.` 60 մլն դոլար (բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով), երկրորդը` 2010 թ.` 25 մլն դոլար:
Ըստ Կ. Խաչատրյանի` Հայաստանի կառավարության քաղաքականության շնորհիվ հաջողվել է խուսափել աղքատության ավելի բարձր մակարդակից, թեեւ ներկայում էլ աղքատությունը կազմում է մոտ 35 %, 2008 թ.` 25 %-ի համեմատ:
22.02.2012